Հիմնական պայքարը կծավալվի Փաշինյանի ու Ծառուկյանի միջև

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ վարչապետից հանձնարարություն է ստացել համակարգել, նախապատրաստել և ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումներն ու անցումային արդարադատությունը:

 

 

Սահմանադրական փոփոխությունների եւ անցումային արդարադատության մարմինների անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է օգոստոսի 17-ի հանրահավաքին արտահերթ ընտրությունների եւ դատարանների գործունեության համատեքստում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մինչեւ ընտրությունների նշանակումը ինքը պետք է հրաժարական տա: Բայց կա մտահոգություն, որ խորհրդարանական ուժերը կօգտվեն իրավիճակից ու նոր վարչապետ կնշանակեն: Դրանից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հարկ կլինի փոխել Սահմանադրությունը եւ կստիպի խորհրդարանին ինքնալուծարվել:

Դրան անմիջապես հաջորդեց խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյան հանդիպման առաջարկը, եւ մի քանի օրից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Այժմ էլ Արարատ Միրզոյանն ասում է, որ կառավարությունն սկսում է ուսումնասիրել սահմանադրական փոփոխությունների ու անցումային արդարադատության հնարավորությունը: Այսինքն, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկը ոչ թե մշակված, հայեցակարգային որոշում էր, այլ ավելի շուտ՝ ուժի ցուցադրություն: Փաշինյանը ցույց է տվել, որ կարող է նախաձեռնել, եթե խորհրդարանը սաբոտաժի ենթարկի արտահերթ ընտրությունները:

Այդ զենքը եւ դրա հետ միասին Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է հրապարակում հավաքված ժողովրդին, իր ազդեցությունն ունեցել է:

 

 

Զուգահեռ ներքաղաքական այլ գործընթացներ են տեղի ունենում: Դաշնակցությունը փորձում է «մաքոքային դիվանագիտություն» վարել եւ միմյանց կապել հին ու նոր իշխանությանը: Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին: Երեկ էլ վարչապետ Փաշինյանն էր ընդունել Լիբանանի ՀՅԴ ԿԿ պատվիրակությանը Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորությամբ: Պատվիրակությունը Փաշինյանին հայտնել է ՀՅԴ պատրաստակամությունը նպաստելու թավշյա հեղափոխության հաջողությունների ամրապնդմանը: Փաշինյանն իր հերթին նշել է երկխոսության եւ համագործակցության անհրաժեշտությունը քաղաքական առողջ ուժերին միավորելու գործում՝ ի նպաստ հեղափոխության հաջողության:

 

 

Բացի այդ, ստեղծվում է նոր ներքաղաքական դասավորություն Երեւանի ավագանու ընտրությունների նախօրեին: Վերլուծաբանները նշում են, որ հիմնական պայքարը լինելու է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրի ու Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանի միջեւ: Այսինքն, ընդդիմություն-ՀՀԿ ավանդական վեկտորը կորցրել է ուժը եւ պայքարելու են հեղափոխական կառավարությունում ներկայացված կուսակցությունները: Դա պայքարի այլ մեթոդներ է ենթադրում:

 

 

 

Այս ֆոնին կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած թեզերը սահմանադրական փոփոխությունների եւ անցումային արդարադատության մասին կարող են չօգտագործված հաղթաթուղթ մնալ:

 

 

Աղբյուրը ` lragir.am

Be the first to comment on "Հիմնական պայքարը կծավալվի Փաշինյանի ու Ծառուկյանի միջև"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ