Եթե չենք միջամտում դատական իշխանության աշխատանքին, դա հավասարազոր է նրան, որ դատական իշխանությունը թողնում ենք Սերժ Սարգսյանին»

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է անցումային արդարադատություն ստեղծելու մասին քննարկումներին:

Նրա խոսքով՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բավարար չէ, թե ինքը չի միջամտում դատական իշխանության աշխատանքին, անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի հայտարարությունը: «Իսկ դա առաջացնում է հաջորդ խնդիրը, այդ դեպքում նախկին իշխանությունները պետք է խոստովանեն, որ միջամտել են դատական համակարգի աշխատանքին, իսկ եթե դա խոստավանեն, պետք է նաև խոստովանեն, որ եղել է քրեական ռեժիմ: Առ այսօր պարտված կողմը՝ ՀՀԿ-ն հերքում է, որ Հայաստանում եղել է քրեական ռեժիմ, որ իրենք իրենցից ներկայացնում են կազմակերպված հանցավոր համագործակցություն, որ իրենք կեղծել են ընտրությունները, յուրացրել են իշխանությունը, տապալել են սահմանադրական կարգը», ասում է Անդրիաս Ղուկասյանը:

 

 

Ըստ նրա՝ փոխվել է գործադիր իշխանությունը, մյուս հարցը հետևյալն է՝ իսկ ինչպե՞ս փոխել դատական իշխանությունը: Ինչպիսի՞ն է Հայաստանում դատական իշխանությունը, դա շատ կարևոր հարց է: Ըստ Ղուկասյանի՝ երբ ասում են՝ դատական իշխանությունն անկախ չի եղել, իշխանություններից կախված է եղել, սելեկտիվ արդարադատություն է գործել, դա քրեական ռեժիմի պատկերի բաղադրիչն է: Հիմա քրեական ռեժիմի ապամոնտաժումը մաս առ մաս կատարվում է տնտեսության, քաղաքական ոլորտներում, բնականաբար, դա հասնելու է նաև դատական իշխանությանը:

«Ասել, որ քրեական ռեժիմի շահերը սպասարկող դատական ոլորտը կարող է առանց բարեփոխումների շարունակել գործել հեղափոխությունից հետո, դա քաղաքագիտական առումով լուրջ սխալ կլինի: Բոլորը պետք է հասկանան, որ դատական իշխանությունը նույնպես պետք է բարեփոխվի: Հայաստանում դատական համակարգը մոտ 250 դատավորներ են, և այդ մարդկանց զգալի մասը գնել են իրենց պաշտոնները: Դա ազդո՞ւմ է արդարադատության իրականացման վրա, իհարկե, ազդում է, որովհետև դատավորները, որոնք նման եղանակներով են հասել այդ պաշտոնին, խոցելի են, ցանկացած ժամանակ իրենք կարող են դառնալ քրեական հետապնդման թիրախ կամ սկանդալի կենտրոնում հայտնվել: Այսինքն՝ նման կերպ ձևավորված դատական համակարգը չի կարող լինել անկախ, ինքը ստեղծված է այնպիսի եղանակով, որ սպասարկի քրեական ռեժիմին և լինի կախյալ»,- նշեց նա:

 

 

Անդրիաս Ղուկասյանը հարցադրում է անում՝  երբ ասվում է, որ գործադիր իշխանությունն այսօր չի միջամտում դատարանների աշխատանքին, ո՞ւմ են թողնում դատական իշխանությունը: Ըստ նրա՝ դատական իշխանությունն ուներ կոնկրետ ղեկավար՝ Սերժ Սարգսյանը: «Եթե մենք ասում ենք, որ այսօր չենք միջամտում դատական իշխանության աշխատանքին, դա հավասարազոր է հայտարարության, որ դատական իշխանությունը թողնում ենք Սերժ Սարգսյանին»,- հավելեց նա:

Ղուկասյանի խոսքով՝ անցումային արդարադատության անհրաժեշտությունն այն ժամանակ առաջացավ, երբ թավշյա հեղափոխության ժամանակ կոնսենսուսով իշխանության փոխանցման գործընթացն սկսեց տապալվել: Եվ պատահական չէ, որ հանրությանը միաժամանակ ներկայացվեց, որ կա սահմանադրական փոփոխությունների խնդիր:

«Այսինքն՝ կա արտահերթ ընտրությունների հարցը կարգավորելու սահմանադրական կարգավորում մտցնելու խնդիր և կա անցումային արդարադատության խնդիր, որովհետև ի դեմս Սերժ Սարգսյանի հսկողության տակ գտնվող դատական համակարգի մենք չենք կարող ունենալ օբյեկտիվ ու անաչառ դատական գործառույթներ: Իսկ դատական գործառույթները կարևորագույն դերակատարություն ունեն հիմա, քանի որ հեղափոխությունից հետո գալիս է սոցիալական արդարությունը վերականգնելու գործընթացը: Ինչպե՞ս վերականգնել սոցիալական արդարությունը, եթե դատական համակարգը անկախ չէ, ենթարկվում է Սերժ Սարգսյանին: Սա լրջագույն խնդիր է, մենք այդ առումով ունենք և լյուստրացիայի, և դատական համակարգի վերադասավորման, և դատական ոլորտի բարեփոխումների խնդիր: Եվ այս ընթացքում, երբ դատական համակարգը չի կարող գործել անաչառ, շարունակում է մնալ քաղաքական ազդեցության տակ, անցումային արդարադատության մարմիններն անհրաժեշտ են»,- հավելեց նա:

Ըստ Ղուկասյանի՝ անհրաժեշտ է ստեղծել հակակոռուպցիոն ինչ-որ մարմիններ, քննչական հատուկ մարմիններ, որոնք կարող են ակտիվ համագործակցել միջազգային կառույցների հետ: «Խնդիրը հետևյալն է՝ Հայաստանում մենք ունենք ինչ-որ տնտեսություն, որի սեփականատերերը հանրությանը հայտնի չեն, որի շուրջ կան բազմաթիվ կարծիքներ, որ կապ ունեն քրեական օլիգարխիայի հետ: Եվ կա Հայաստանից դուրս բերված կապիտալ: Այդ հարցն էլ պետք է լինի: Հայաստանում առկա կառույցներից ես որևէ մեկը չեմ տեսնում, որ ի վիճակի կլինի այդ երկրորդ հատվածի համար որակյալ քննություն տանել»,- նշեց նա:

Բայց ակնկալել, որ անցումային արդարադատության մարմինների շուրջ կենսենսուս կլինի, ըստ Ղուկասյանի, դժվար է: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը դրա վկայությունն է: «Բաբլոյանը փորձեց կանխել նման գործընթացի մեկնարկը, բայց արդյոք դա կկարգավորի՞ առկա խնդիրները, կյանքը ցույց կտա: Իմ կարծքով ոչ, կան հրատապ հարցեր, սոցիալական արդարության ոլորտում չի կարող վիճակն անորոշ մնալ, երբ մարդիկ ուզում են տեսնել սոցիալական արդարության վերականգնման գործընթացի մեկնարկը: Այդ խնդիրը մնալու է ի վնաս հեղափոխական ուժերի»,- ընդգծեց նա:

 

Աղբյուր՝https://www.lragir.am/2018/09/03/375855/

Be the first to comment on "Եթե չենք միջամտում դատական իշխանության աշխատանքին, դա հավասարազոր է նրան, որ դատական իշխանությունը թողնում ենք Սերժ Սարգսյանին»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ