Արտահերթ ընտրությունն արդեն տեղի է ունենում. հանրությունը ժամանակ է տվել

Խորհրդարանի արտահերթ ընտրությունը, ըստ էության, արդեն սկսված է և այն տեղի է ունենում, պարզապես դեռևս միայն հանրության, այսպես ասած, մտքում, ուղեղներում, գիտակցության մեջ: Ըստ այդմ՝ քաղաքական բոլոր ուժերը գործնականում այդ ընտրության, այսպես ասած, նախընտրական ռեժիմում են և, օրինակ, երբ նրանցից որևէ մեկը հայտարարում է, որ դեմ է արտահերթ ընտրությանը, կամ դեմ է այդ ընտրությունը հնարավորինս շուտ անելուն, անհապաղ անելուն, կամ դեմ է, այսպես ասած՝ կողմ ըլլալով, կամ հակառակը, ապա դա այլ բան չէ, քան նախընտրական քարոզարշավը: Բայց քարոզարշավը ինքն իր դեմ, որովհետև այդ դիրքորոշումը պարզապես նշանակում է հանրությանն ուղղված կոչ՝ մի քվեարկեք մեր օգտին, մենք ի վիճակի չենք հասկանալ և արտահայտել հանրային շահը, կամ հասկանալ ի վիճակի ենք, պարզապես ի վիճակի չենք արտահայտել։ Մենք այս երկու-երեք տասնամյակի ընթացքում այնքան ենք սովորել համակարգային շահի, իշխանական, խմբային, անձնական շահերի սպասարկմանը, որ հանրային շահ սպասարկել պարզապես անկարող ենք:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Քվեարկությունն արդեն ընթանում է, պարզապես այն դեռևս տեղի չի ունենում ֆիզիկապես, այդ օրը որոշելու հարցը տեխնիկական է ավելի, քան քաղաքական, որովհետև խնդրի քաղաքական բաղադրիչը հանգուցալուծված է: Դա տեղի է ունենում ոչ թե Նիկոլ Փաշինյանի և մյուս ուժերի բանակցությունում, այլ տեղի է ունեցել հանրության շրջանում: Նիկոլ Փաշինյանը հասարակության անունից պարզապես փոխանցում է քաղաքական որոշումը, այսպես կոչված, քաղաքական ուժերին: Մնացյալը նրանց որոշումն է՝ պայքարել հասարակության ձայնի համար, կամ ավելի շուտ պայքարել այդ ձայնով վստահությո՞ւն, թե՞ հայհոյանք լսելու համար:

 

 

 

 

Հայաստանում, անշուշտ, նկատելի է քաղաքական դաշտի չարորակ գոյացությունների աղետալի հետևանքը: Քաղաքական կոչվող ուժերը ի վիճակի չեն տեսնել պարզ քաղաքական իրողություններ: Նրանք ի վիճակի չեն կողմնորոշվել պարզ իրավիճակներում, երբ չկա այսպես ասած հրահանգիչ կենտրոն, և բոլոր քայլերի շարժառիթները գալիս են հասարակությունից: Այնպես, ինչպես պետք է լինի քաղաքական առողջ գործընթացը: Հասարակությունից այժմ գալիս է մեկ օրակարգ՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

 

 

 

 

Ընդ որում՝ քաղաքական ուժերը, որոնք ներկայումս փորձում են քննարկել այդ ընտրության հետ կապված ինչ-որ պայմաններ, մոլորության մեջ են այն առումով, որ կարծում են, թե հասարակությունն իրենց հարցնում է՝ համաձայն են, թե ոչ: Մինչդեռ հանրությունն իրենց դա չի հարցնում, հանրությունն այժմ ուղղակի ընտրում է, իսկ իրենց պարզապես տեղեկացնում այդ մասին: Տալիս այդ ընտրությանը համարժեք լինելու ժամանակ, քանի դեռ չի լուծվել ընտրության օրվա տեխնիկական խնդիրը: Որովհետև դրանից հետո նրանք հազիվ թե ունենան սխալները ուղղելու ժամանակ:

 

 

 

 

Աղբյուրը ` 1in.am

Be the first to comment on "Արտահերթ ընտրությունն արդեն տեղի է ունենում. հանրությունը ժամանակ է տվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ