Եղավ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ. այդպես շարունակելը խնդրահարույց է

Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի: Այդպես որոշեց Վերաքննիչ դատարանը՝ բավարարելով առաջին ատյանի՝ Ընդհանուր իրավասության դատարանում նրան ազատ արձակելու որոշման մասին դատախազության բողոքը:

 

 

 

Մանվել Գրիգորյանի հետ կատարվեց այն, ինչ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում: Սակայն այս օրինակները միասին հարց են առաջացնում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում ընդհանրապես: Եվ այս հարցը ունի մի քանի շերտեր: Խնդիրը լոկ հանրային հետաքրքրությունը, արդարադատության պահանջը կամ նախկին համակարգի ներկայացուցիչների հանդեպ կասկածներին կամ հանրության համոզված մեղադրանքներին հագուրդ տալու պահանջը չէ:

 

 

Խնդիրն այն է, որ դատաիրավական համակարգը պետության, պետականության առանցքային հատկանիշներից է, և այստեղ անկանխատեսելիությունը անկանխատեսելիության զգացում է առաջացնում ամբողջ պետության հանդեպ: Սա էլ իր հերթին մի կողմից՝ ազդակ է հանրությանը, մյուս կողմից՝ միջազգային հանրությանն ու առավել ևս՝ ներդրողներին:

 

 

 

Ու այս հանգամանքը հատկապես նշանակալից է այն ֆոնին, որ այս օրերին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին է մասնակցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ձգտում է Հայաստանի հանդեպ բևեռել միջազգային ներդրողների ուշադրությունը: Իսկ ներդրողների համար շատ կարևոր է դատաիրավական համակարգի կանխատեսելիությունը: Ընդ որում, այստեղ կարող է տարօրինակ հնչել, սակայն նրանց համար շատ ավելի նախընտրելի է, երբ հստակ է, որ համակարգը գործադիր իշխանության դիկտատի ներքո է՝ այս դեպքում նրանք հստակ գիտեն, թե ումից ինչ պահանջել, քան այն վիճակը, երբ պարզ չէ, թե որը կլինի հաջորդ քայլը:

 

 

Չէ՞ որ, ի վերջո, կասկածից վեր է, որ միամտություն կլինի համարել, թե Հայաստանում գործում է արդարադատության անկախ համակարգ, որն իրացնում է իրական արդարադատություն: Որովհետև իրապես անկախ համակարգի և արդարադատության պարագայում գործ ունենք կանխատեսելի վիճակի հետ՝ ներդրողները և ընդհանրապես բոլորը գիտեն, որ կա սահմանադրական և օրենսդրական գերակայություն, և դատարանը այս գծի մեջ է:

 

 

Հայաստանում դեռևս պարզ չէ, թե ինչ գծի մեջ է դատաիրավական համակարգը՝ անկախ արդարադատությա՞ն՝ ըստ Սահմանադրության և օրենքների, թե՞ գործադիր իշխանության: Իր հերթին հասկանալի է, որ դատաիրավական ռեֆորմը բարդագույն ռեֆորմներից է, որ կարող են իրականացնել պետությունները, և այստեղ սպասել ամիսների աշխատանքի և համապատասխան էֆեկտի՝ կլինի մոլորություն: Մյուս կողմից՝ մեղմ ասած, ամենևին բարենպաստ սպասման դաշտ չէ ներկայիս անկանխատեսելիությունը, ընդ որում՝ այն պայմաններում, երբ պարզ չէ, թե դա ինչքան կշարունակվի:

 

 

 

Այդպիսով, աներկբայորեն հասունացել է ժամանակը, երբ գործող իշխանությունը կսկսի հանրությանը և նաև միջազգային գործընկերներին հստակ հաղորդել դատաիրավական ռեֆորմի ազդակներ՝ որոշակի, կոնկրետ գաղափարներով, մեխանիզմներով, ներգրավելով միջազգային գործընկեր կառույցների, մասնավորապես՝ Եվրամիությունից: Հնարավորինս արագ գործընթացը սկսելը նվազագույնն է, որ այժմ պետք է անել և այդպիսով ապահովել կանխատեսելիության ու դրական սպասումների որոշակի կայուն միջավայր՝ մինչ կայուն արդարադատության համակարգի հասնելը: Կամ էլ պետք է առարկայացնել անցումային արդարադատության մեխանիզմի ներդրումը, մինչև զուգահեռ կպատրաստվի դատաիրավական ռեֆորմի հայեցակարգ:

 

 

 

Մի բան հստակ է, որ «բռնել-բաց թողնելու» իրողությունը որքան էլ վկայի այն մասին, որ Հայաստանում այլևս չկա իշխանության միջամտություն դատարանների գործին, միևնույն է՝ հանրության շրջանում էլ խորացնում է երկիշխանության որոշակի մտայնություններ, թեկուզ ենթագիտակցական: Իսկ դրանք նուրբ լարեր են, որոնց վրա կարող են խաղալ այն խմբերն ու շերտերը, որոնք թավշյա հեղափոխությամբ զրկվեցին հիմնական խաղացող լինելու հնարավորությունից:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Աղբյուրը ` 1in.am

Be the first to comment on "Եղավ այն, ինչ Ռոբերտ Քոչարյանի հետ. այդպես շարունակելը խնդրահարույց է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ