Հայաստանի և Արևմուտքի միջև օրակարգային հարցեր կան, որ այս այցով կհստակեցվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 4-ին մեկնում է Բրյուսել՝ Եվրամիության գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները։ Այդ մասին հայտարարել է Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Հուլիսից հետո սա նրա երկրորդ այցն է Բրյուսել։ Ինչպիսի քաղաքական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և ի՞նչ ակնկալել այդ այցից։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի համար միշտ էլ Արևմուտքի և հատկապես Բրյուսելի հետ հարաբերությունները շատ կարևոր են եղել։ Նրա կարծիքով՝ այս հանդիպմանը քննարկման մեծ քաղաքական օրակարգ կա՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվացումը Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում, ինչպես նաև Հայաստանի մասնակցությունը Սիրիայում խաղաղապահ առաքելությանը:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Հասկանալի է, որ Արևմուտքն այնքան էլ չի ոգևորվում այդ հարաբերություններից։ Այստեղ, կարծում եմ, օրակարգային հարցեր կան, որ Հայաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները պետք է հստակեցվեն, և դրա համար շատ կարևոր եմ համարում այդ այցը հատկապես հիմա»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը իրենից կախված ամեն ինչ անում է արտաքին քաղաքականության մեջ իր հարաբերությունները դիվերսիֆիկացնելու համար: «Գուցե ակնկալիքներն էլ ավելի մեծ էին, պետք է վստահություն ունենալ, որ այս այցը դրան կնպաստի։ ԵՄ-ն միշտ պատրաստակամություն է հայտնել աջակցելու, բայց առայժմ դա միայն հռչակագրային բնույթ է կրում։ Հիմա, կարծում եմ, ավելի գործնական հարթություն կտեղափոխվի»,- հավելեց նա։

Հարցին, թե ընդհանրապես Եվրամիությունն ինչպիսի գործընկեր է դիտում Հայաստանին՝ հաշվի առնելով, որ կա աջակցություն ՀՀ գործող իշխանություններին, ինչպես նաև ԵՄ-ն պատրաստ է 700 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին, քաղաքագետը նշեց. «Այո՛, կա վստահություն, կա աջակցության ցանկություն, կա որպես արժանապատիվ գործընկերոջ ընկալելու ցանկություն, բայց առայժմ դա, ցավոք սրտի, հայտարարությունների մակարդակով է»։

 

 

 

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործման ընթացքին, և թե որքանով նման այցերը կնպաստեն այդ գործընթացի արագացմանը, նա ընդգծեց, որ չի կարծում, թե արհեստականորեն ձգձգվում է գործընթացը, թեև Հայաստանն ակնկալում է, որ գործընթացն ավելի արագ ընթանա. «Նորմալ ընթացակարգ է, և չեմ կարծում, որ, օրինակ, Ուկրաինայի կամ Վրաստանի դեպքում ավելի արագ էր ընթանում այդ գործընթացը։ Դրանք ստանդարտ գործընթացներ են։ Այո՛, ցանկալի կլիներ ավելի արագացնել, և գուցե այս այցը դրան նպաստի, բայց այդտեղ ես վտանգներ չեմ տեսնում»։

Բաղդասարյանի խոսքով՝ այս այցից կոնկրետ մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ. կարող ենք միայն ակնկալել, որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունների խորացման գործընթացն ավելի արագ կընթանա։

 

 
Աղբյուրը ` 1in.am

Be the first to comment on "Հայաստանի և Արևմուտքի միջև օրակարգային հարցեր կան, որ այս այցով կհստակեցվեն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ