Օրվա քաղաքական թրենդը՝ «Նամակ ռուսաց թագավորին». դե մի բան արեք՝ սրանցից պրծեք. իսկապես տհաճ տեսարան է

Հայաստանի ներքաղաքական կյանքում «նամակ Ռուսաց թագավորին» ժանրն աստիճանաբար ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Ընդդիմադիր քաղաքական (կամ ոչ այնքան քաղաքական) ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմակիցների նախորդ տարիների գործունեությունը քչփորելով՝ ինչ-որ փաստեր են պեղում ու մատնագրերի տեսքով ուղարկում Մոսկվա (կամ, ըստ նպատակահարմարության, Վաշինգտոն ու Ստրասբուրգ)։ Իբր՝ «չե՞ք տեսնում, թե ինչ վատն են այս իշխանությունները, դե մի բան արեք՝ սրանցից պրծեք, ու նոր իշխանություններ ձեւավորելու ժամանակ էլ չմոռանաք, որ առաջինը մե՛նք ենք ձեզ օգնել»։

Իսկապես տհաճ տեսարան է։ Անցած դարի 30-ականների մատնագրերի ոճով՝ «հայտնում ենք ձեզ առ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին դեմ էր Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին (կից ներկայացնում ենք նրա ելույթի տեսագրությունը)», կամ «մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի նշանակած մարզպետներից մեկը ժամանակին տրորել է Ռուսաստանի դրոշը» (37 թվին գրում էին «պատռել է Մեծ Առաջնորդի նկարը»), եւ այլն։ Իսկ եթե նամակն ուղարկվում է Վաշինգտոն կամ Ստրասբուրգ՝ անպայման տեղեկացնում են «առ այն մասին», որ Փաշինյանը հայկական զորախումբ է ուղարկել Սիրիա․․․Ընդ որում՝ եթե ՀՀԿ-ի ու Քոչարյանի կողմնակիցների այս պահվածքն ինչ-որ տեղ հասկանալի է (մարդիկ փորձում են իրենց անձնական հարցերը լուծել), ապա «Լուսավոր Հայաստանի»՝ այս գործընթացին մասնակցելը, մեղմ ասած, տարօրինակ է։

«․․․Հետո հայոց պետերը պարսից Վռամին ասացին․- Ախպեր, մեզ թագավոր պետք չի, մենք թագավոր չենք ուզում․ թագավոր է՝ էդ է դու թագավոր ես, բան հարցնել է՝ կգանք քեզ կհարցնենք, համ էլ քաղաք կտեսնենք, աղջիկ-մաղջիկ կպատահի, թե չէ՝ էն սարի ծերին․․․»> (Հրանտ Մաթեւոսյան, «Մեծամոր»)։ Եվ իսկապես էլ՝ այսօրվա քաղաքական դաշտի խաղացողների մեծ մասի համար առաջ շատ ավելի լավ էր։ Պետք էր ընդամենը հլու-հնազանդ ենթարկվել աշխարհի ուժային կենտրոնների հրահանգներին (ըստ օրվա նպատակահարմարության), եւ դրա դիմաց երկիր թալանելու, ընտրություններ կեղծելու, կամ եթե լծակներին մոտ չեն թողնում՝ գոնե որպես «հաճախորդ» ջրի երեսին մնալու իրավունք ստանալ։ Իսկ ամենակարեւոր հարցերով (սահմանների պաշտպանություն, անվտանգություն, ռազմավարական ենթակառուցվածքներ եւ այլն) թող ուրիշները զբաղվեն։ «Թագավոր է՝ էդ է դու թագավոր ես․․․»։

 

 

 

Հետաքրքիր է, որ նույն քաղաքական ուժերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները անընդհատ հայտարարում են, որ Հայաստանի անվտանգությունն ու ընդհանրապես ապագան մեծապես կախված են մեր նկատմամբ Ռուսաստանի դրական վերաբերմունքից, ու միաժամանակ ամեն ինչ անում են, որ մեր նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը լինի խիստ բացասական։ Ընդ որում՝ հայ-ռուսական հարաբերությունների կայունացման ցանկացած ապացույց նրանց անասելի կատաղեցնում է ու ստիպում նոր եռանդով պեղել անցյալն ու նոր մատնագրերի նյութ հայթայթել։ Եվ այս ամենը, չգիտես ինչու, կոչվում է «քաղաքական գործունեություն»։ Մինչդեռ սա ոչ միայն քաղաքական գործունեություն չէ, այլեւ շատ ավելի վատ բան է, քան պարզապես «դրսից տղա բերելը»։ Որովհետեւ փողոցային վիճաբանության ժամանակ «դրսից տղա բերողին» ուղղակի մի երկու թաթալոշ են տալիս ու այլեւս հետը չեն շփվում, իսկ մեր դեպքում խոսքը փողոցային վիճաբանության մասին չէ, խոսքը պետության ապագայի եւ Հայաստանի ու Արցախի անվտանգության մասին է։

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Քաղաքական գործունեությունն այն կլիներ, որ այդ ուժերը երկրի ներսում պայքարեին հասարակության համակրանքին արժանանալու համար, քննադատեին վարչապետի, կառավարության կամ թեկուզ նույն այդ մարզպետի գործունեությունը, փաստերով հիմնավորեին, որ այս իշխանություններն այս-այս-այս հարցերում լավ չեն աշխատում, ու իրենք շատ ավելի լավ կաշխատեն, միտինգներ անեին, բողոքի ցույցեր կազմակերպեին․․․ Դա նորմալ կլիներ, ու որեւէ մեկը նրանց այդ իրավունքի վրա թարս չէր նայի։ Բայց հանուն անձնական կամ կուսակցական շահերի պետական շահը վտանգելը, ներեցեք, այլ կերպ է կոչվում։

 

 

Աղբյուրը ` armtimes.com

Be the first to comment on "Օրվա քաղաքական թրենդը՝ «Նամակ ռուսաց թագավորին». դե մի բան արեք՝ սրանցից պրծեք. իսկապես տհաճ տեսարան է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ