Ջրի պես գնա(1993թ. հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը)

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան

(Հատված «Ավո. Մոնթե Մելքոնյանի կյանքը եւ մահը» գրքից (հեղ.՝ Մարգար Մելքոնյան, Սեդա Գպրանյան-Մելքոնյան):

Մայիսի 28-ին Մարտունի վերադառնալով` Մոնթեն մի քանի հեկտար մշակովի հաշիշ հայտնաբերեց ավերված Ղարադաղլուի մոտ: Նա կասկածեց, որ տեղական խմբավորումներից մեկն էր ցանել հաշիշը` որպես արտահանելու ապրանք: Լուրն անհանգստացրեց Սեդային:

Մարատի հետ բախումից հետո նա միշտ խնդրել էր ամուսնուն չխառնվել տեղական «ընտանեկան գործերին»: Սեդան հիշեցնում էր, որ Մոնթեն զինվորական մարդ է եւ ոչ ոստիկան: Չնայած այդ խորհրդին` Մոնթեն որոշել էր դաշտն այրել: Բայց նախքան նա փոխհրաձգությունների միջեւ այդ անելու ժամանակ կգտներ, նրա հին ընկեր Արա Թորանյանը զանգեց Սեդային շտապ հաղորդագրությամբ: Մոնթեի հին ընկեր Շիշկոն խնդրել էր Թորանյանին, որն այդ ժամանակ այցի էր եկել Փարիզից, Մոնթեին տեղեկացնել հետեւյալը. որ մարսելցուն ինչ-որ կերպ հայտնի էր դարձել, թե ով որ հաշիշ էր ցանել Ղարադաղլուում, նա էլ դաշտը շրջապատել էր ականներով` սահմանը խախտողներին դաս տալու համար:

 

 

 

 

Քանի որ Երեւանի ու Մարտունու միջեւ ուղիղ հեռախոսակապ չկար, Սեդան պիտի հեռաձայներ Պաշտպանության նախարարություն Ստեփանակերտում եւ խնդրեր, որ Մոնթեին հայտնեն իր հետ կապվի: Նա երեկոյան խոսեց իր կնոջ հետ, եւ Սեդան կրկնեց Շիշկոյի նախազգուշացումը: Երբ նա ավարտել էր, գծի մյուս ծայրում լսեց մտածկոտ «հմմ… հմմ»: Ականների մասին լուրը չէր, որ ստիպեց Մոնթեին կարկամել. նա արդեն հայտնաբերել էր վտանգը եւ դաշտն այրելու վերաբերյալ համապատասխան կարգադրություններ արել: Մոնթեն ավելի շատ մտածում էր այն փաստի մասին, որ իր օտարացած ընկեր Շիշկոն նեղություն էր կրել` Սեդային տեղեկացնելու վտանգի մասին:

Մոնթեն տանկով անցավ ականապատ հատվածն ու, մտնելով հաշիշի մեջ, դաշտը կրակ տվեց: Ծուխը բարձրանալու հետ, սակայն, վտանգը միայն աճում էր. դաշտը դեռ ծխում էր, երբ Կոմիտասը հանկարծ կորցրեց Մոնթեի ծառայողական մեքենայի կառավարումը, եւ մի պահ թվաց, թե այն ձորն է ընկնելու ու ջախջախվելու: Կոմիտասն ու Մոնթեն դուրս թռան մեքենայից եւ տեսան, որ անիվներից մեկը համարյա առանցքից անջատված էր: Ինչ-որ մեկը թուլացրել էր անիվը, եւ ով էլ դա արած լիներ, պետք է որ իմանար այն, ինչ գիտեին Մարտունու բոլոր չափահասները. հրամանատարի մեքենան ամեն օր վտանգավոր տեղերով էր անցնում:

Մարտունիում դարձյալ գործում էին նաեւ դիզելի գողերը, իսկ սահմանամերձ փոխհրաձգություններն անդադար շարունակվում էին: Ինչպես միշտ, Մոնթեն գիշերները բավարար չափով չէր քնում, եւ նրան բաժին հասած քունն ընդհատում էին թախտի մոտ դրված հեռախոսների զանգերն ու «ուոքի-թոքիների» խռխռոցը: Նա սկսել էր աչքերն ավելի հիվանդագին թարթել, իսկ աջ ձեռքի ջղաձգումը, որ անցել էր մայիսի վերջին մի քանի օր Երեւանում հանգստանալու շնորհիվ, նորից իրեն զգալ էր տալիս:

 

 

 

 

Անկառավարելի ստորադասներից մեկի վրա բղավելու մի հատկապես կատաղի նոպայից հետո շտաբի սպաներից մեկը համոզեց Մոնթեին մաքուր օդի դուրս գալ: Վարդան անունով պարսկահայ այդ սպան Մոնթեի հետ դուրս եկավ` շտաբի հետեւի խաղողի այգում զբոսնելու: Նրանք մի քիչ քայլեցին երեկոյան թուլացող արեւի տակ, երբ Մոնթեն նկատեց կապույտ ու նարնջագույն թեւերով մի փոքրիկ թռչուն: Դա սովորական տեսակ էր, բայց այդ մեկն ինչ-որ պատճառով չէր կարողանում թռչել: Մոնթեն բռնեց նրան ու գլուխը շոյեց: Մի խաղաղ ժպիտ կերպանափոխեց նրա դեմքը: Վարդանը առանց բառ ասելու հեռացավ` թողնելով, որ Մոնթեն ծիտիկին գուրգուրի:

Մոնթեի ձայնը տխուր էր, երբ հունիսի 10-ին նա զանգահարեց Սեդային: Նա բացատրեց, որ շտաբի անձնակազմը գարնան բերքը հավաքելու համար գյուղերն էր վերադարձել, իսկ փոխհրամանատար Մոսին իր հիվանդ մորաքրոջը տարել էր Երեւան բուժման: Մոնթեն մենակ էր մնացել շտաբում եւ չէր կարող Երեւան վերադառնալ իր ուզած ժամանակ: Նա կկարողանար արձակուրդ գնալ ամենաշուտը հունիսի 16-ին, չորեքշաբթի: Այդ օրն իրենք մի քանի օրով կանհայտանան` Սեդայի երեսնամյակը նշելու: Նրանք արդեն սենյակ էին պատվիրել Երեւանից 40 մղոն դեպի հյուսիս գտնվող Վանաձոր քաղաքի «Արալեզ» հյուրանոցում, բայց դա գաղտնի էին պահում:

 

 

 

Սեդան իր ամուսնու ձայնի մեջ անհամբերություն զգաց: Չնայած պատերազմի վերջը չէր երեւում, բայց արդեն ժամանակն էր ընտանիք ստեղծելու: Նրանք շուտով միասին էին լինելու, բայց Մոնթեն նախ պիտի մի փոքր գործ գլուխ բերեր:

Հունիսի 11-ի երեկոյան Մոնթեն բաց թողեց ընթրիքը, մի բաժակ մածուն խմեց շտաբի խոհանոցում եւ սովորականից շատ ավելի շուտ պառկեց իր թախտին:

Մի շաբաթ առաջ, 80 մղոն դեպի հյուսիս-արեւմուտք, Սուրաթ Հուսեյնովի 709-րդ գումարտակի մի քանի հարյուր ապստամբ մարտիկներ Գանձակ քաղաքի մոտից սկսել էին իրենց արշավանքն արեւելք` գլխավոր ճանապարհով դեպի Բաքու: Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը Քելբաջարի խայտառակ պարտության պատասխանատուներին վերաբերող վեճի առիթով իջեցրել էր Հուսեյնովի սպայական աստիճանը: Ապա նա զորք էր ուղարկել Գանձակի մոտ գտնվող ապստամբների կայազորի դեմ` պատերազմի ռենեգատ հերոսին բռնելու արյունալի փորձ ձեռնարկելով: Փորձը, սակայն, ձախողվել էր, եւ Հուսեյնովը պատրաստվում էր վրեժ լուծել: Երիտասարդ հրամանատարը երդվել էր Բաքուն գրավել, եթե Էլչիբեյը չթողներ Ադրբեջանի նախագահի պաշտոնը: Վախենալով քաղաքացիական պատերազմից` արեւմտյան նավթային ընկերություններն սկսեցին իրենց աշխատողներին դուրս բերել Բաքվից: Դրանից մի քանի օր հետո Էլչիբեյը պետք է 10 միլիարդ դոլլարանոց պայմանագիր ստորագրեր Ադրբեջանի պետական նավթային ընկերության եւ արեւմտյան կազմակերպությունների միավորման հետ, որի մեջ մտնում էին Amoco, Unocal, BP, Pennzoil ընկերությունները եւ այլ հսկաներ:

 

 

 

 

Քանի որ թշնամին ժամանակավորապես շեղված էր ու պառակտված, Մոնթեի Մարտունու զինվորները հայացքները դարձրին նույնանուն դաշտում գտնվող Աղդամ ադրբեջանական քաղաքին` նախապատերազմյան 50 հազարանոց բնակչությամբ: Աղդամ շրջկենտրոնն Ադրբեջանի` մեծությամբ երրորդ քաղաքն էր, Բաքվից ու Գանձակից հետո: Պատերազմից առաջ այն հարուստ գյուղատնտեսական քաղաք էր` շատրվաններով, թեյարաններով ու առանձնատներով: Բայց այդ ամենը փոխվել էր վերջին մի քանի տարվա ընթացքում: Պատերազմի սկզբում ադրբեջանական հրետանին Աղդամից ու շրջակայքից դժոխային կրակ էր թափել Ստեփանակերտի եւ ուրիշ հայկական քաղաքների ու գյուղերի վրա, որոնք գտնվում էին հրանոթների ու «Գրադի» հասանելիության սահմաններում: Հետագայում, երբ Արցախի ուժերը գրավեցին Աղդամից մի քանի կիլոմետր արեւմուտք գտնվող բարձունքները, նրանք ադրբեջանցիներին ցուցադրեցին հակառակ ուղղությամբ թափվող դժոխային կրակի իրենց տարբերակը: Արդյունքում երբեմնի` անտառակներով ու այգիներով ծածկված գեղեցիկ քաղաքում այժմ իշխում էին արկերից գոյացած փոսերը, իսկ տներից շատերը դատարկ էին: Եթե Արցախի մարտիկներին հաջողվեր գրավել Աղդամն ու քաղաքի շրջակա դաշտը, նրանք վերջապես կկարողանային Բաքվի գլուխը մտցնել, որ պատերազմը տանուլ է տրված. պետք է վերջ տալ անիմաստ զոհերին եւ ընդունել Արցախի անջատումն Ադրբեջանից:

 

 

 

 

Հունիսի 12-ի վաղ առավոտյան, հիմնականում հայաբնակ Մարտակերտ քաղաքը քարակույտի վերածած ադրբեջանցիների հարձակումից 1 տարի անց, Կոմիտասը շտաբում ողջունեց իր հրամանատարին: Մոնթեի հագին կանաչ կարճաթեւ շապիկ էր, քողարկաներկված շալվար, տեղական արտադրության սպորտային կոշիկներ եւ մի LED ձեռքի ժամացույց, որ նրան Ֆրանսիայից ուղարկել էր իր ընկերը: Սովորականի պես` նա չուներ ոչ գլխարկ, ոչ որեւէ զարդ` բացի իր ամուսնական մատանուց: Նա երեք խմբով գնաց դեպի Աղդամի դաշտին նայող բարձունքները եւ սկսեց դիրքավորվել մոտ ժամը 3:00-ին` իր նախատեսածից փոքր-ինչ ուշ: Նրա մարտիկներն ու տանկերը պիտի գրոհեին բարձունքների ստորոտում` ադրբեջանական Մերզուլի ավերված գյուղում գտնվող կրակակետերը եւ այդ տարածքից դուրս մղեին թշնամու հրետանավորներին: Իսկ ավելի հեռահար նպատակ էր Աղդամի դաշտում հենակետի ստեղծումը` որպես դատարկված Աղդամ քաղաքը գրավելու առաջին քայլ:

Մոնթեն շրջեց ճակատային դիրքերում` հավաստիանալու համար, որ իր մարտիկները լավ էին հասկացել հրամանները. հրանոթներից ու տանկերից տարածքը ռմբակոծելուց հետո ենթահրամանատարներ Մավոն, Մերուժանն ու Նելսոնը պետք է իրենց մարտիկներին տանեին բարձունքներն ի վար, ապա բաժանվեին համապատասխան ուղղություններով: Մավոյի խումբը 4 տանկով առաջ էր գնալու դեպի Յուսուֆջանլի` Աղդամից 7 կիլոմետր արեւելք գտնվող` 600 տնից բաղկացած գյուղը: Մերուժանի խումբը պիտի առաջանար դեպի Կիամաթլու հարեւան գյուղը, իսկ Նելսոնի խումբը` դեպի Մերզուլի գյուղը: Թիկունքում ունենալով Արցախի զորամիավորումներ արեւմտյան Ասկերանի շրջանից` յուրաքանչյուր խումբ պիտի դուրս մղեր տարածքում մնացած թշնամուն, հետո այրեր գյուղերը` ադրբեջանցիներին պաշտպանությունից զրկելու համար, եթե նրանք փորձեին վերադառնալ ու նորից կրակակետեր գրավել: Իրենց առաջադրանքները կատարելուց հետո խմբերը պիտի հավաքվեին Մերզուլիի խաչմերուկում` նոր հրահանգներ ստանալու:

Մեկ ժամ շարունակ Մոնթեն հրամաններ էր տալիս: Հետո Կոմիտասը նրան, Սարիբեկին ու մի ռադիոօպերատորի տարավ Չեյիլի բարձունքի հրամանատարական դիրքը, որ կոչվում էր «Խրամատ 08»: Նրանք ռադիոկապ հաստատեցին գիշերվա ժամը 3:30-ին: Մոնթեն միշտ նախընտրել էր մարտի ժամանակ ճակատագծում լինել, բայց այդ օրը նա պիտի մնար հրամանատարական դիրքում: Ժամանակն էր, որ նրա մարտիկները սովորեին կռվել առանց ճակատագծում իր առաջնորդության:

Առավոտյան ժամը 4-ին ադրբեջանցի մի հրամանատար զինվորներին արթնացրեց իրենց գիշերային ճամբարում` Գարգար գետի վրայով գցված կամրջի մոտ, դաշտի` Աղդամ քաղաքից ճիշտ արեւելք գտնվող հատվածում: Խմբում մոտ 60 զինվոր կար, նաեւ` 1 տանկ եւ 2 զրահամեքենա` БМП-1 եւ БМП-2: Ադրբեջանցի հրամանատարն իր նորակոչիկներին տեղեկացրեց, որ թշնամին այդ առավոտ գրոհելու է: Նրանք սկսեցին իրենց հանդերձանքը հավաքել:

Մոնթեի հրամանով հրանոթներն ու տանկերը խախտեցին լուսաբացի լռությունը` ջարդվող տախտակների աղմուկ հանելով: Աղդամն ու շրջակա ադրբեջանական գյուղերը ռմբակոծելուց հետո` Մարտունու տանկերն ու զինվորներ տեղափոխող մեքենաներն սկսեցին իրենց սարերից իջնել դեպի թեթեւակի թեքություն ունեցող Աղդամի դաշտը եւ հայտնվեցին երկկողմանի ասֆալտապատ ճանապարհին, որ ոլորվում էր Մերզուլիի լքված մրգատու այգիների ու ցորենի դաշտերի միջով: Մերզուլի չհասած, մի խաչմերուկում, նրանք բաժանվեցին երեք խմբի ու շարժվեցին դեպի իրենց նշանակետերը: Նելսոնի խումբը, առաջնորդող տանկով, հարավից մտավ Մերզուլի: Առավոտյան ժամը 10-ի մոտ Յուսուֆջանլիից ու Կիամաթլուից պարուրաձեւ ծուխ էր բարձրանում: Մավոյի խմբի գրոհի հետեւանքով Յուսուֆջանլիում 5 գյուղացի էին սպանվել:

 

 

 

 

Բարձունքի վրա իր դիրքից Մոնթեն հոնքերը կիտած նայում էր հեռադիտակով: Նրա ռադիոն խշշում էր ենթահրամանատարների` դաշտից ուղարկած հաղորդագրություններից, բայց հյուսիս-արեւմուտքում` Ասկերանում գտնվող իր զինակիցները որոշ ժամանակ դուրս էին ռադիոծածկույթից: Նրանց տանկերից մեկը կամ ականի էր դիպել, կամ խփվել արկով: Պայթյունի հետեւանքով զոհեր էին եղել, եւ շարասյան առաջխաղացումը խափանվել էր` նախքան նրանք կավարտեին թշնամու զորքերը Մերզուլիից հյուսիս գտնվող տարածքից դուրս մղելը: Քանի դեռ թշնամու ուժերի` մոտակայքում դարանակալելու հավանականությունը կար, Արցախի մարտիկների համար վտանգավոր կլիներ Մերզուլիում դիրքեր գրավելը: Մոնթեն ի վերջո ռադիոյով կապվեց Ասկերանի հետ ու առաջարկեց, որ իր մարտիկներն ավարտեն օպերացիայի իրենց բաժինը: Այդ միջոցին Սարիբեկը մեկնվել էր մոտակա թփերի մեջ` մի քիչ ննջելու:

Գարգար գետի մոտի ճամբարը լքած զորախմբի ադրբեջանցի հրամանատարն իր մարտիկներին ասել էր, եւ դա չէր համապատասխանում իրականությանը, թե Մերզուլի հայեր չէին ներխուժել: Ադրբեջանցի հետախույզների մի խումբ զրահամեքենայով հյուսիս-արեւելքից մտավ Մերզուլի` կտրելով-անցնելով այն տարածքը, որն, ըստ Մոնթեի նախնական ծրագրի, Ասկերանի ուժերը պետք է որ գրաված ու մաքրած լինեին: Երկու կողմերն էլ չիմացան, թե ինչպես, երբ Մերզուլիի միջով անցնող գլխավոր ճանապարհին փոշին նոր էր նստել Նելսոնի տանկի թողած հետքի վրա, ադրբեջանական զրահամեքենան հայտնվեց նույն տեղում` անմիջապես Նելսոնի հետեւից, մի հողե ճանապարհից, որ տանում էր դեպի հյուսիս-արեւելքի դաշտերը: Թեթեւ տանկը պտույտ գործեց ու անցավ մի կարճ տարածություն` մինչեւ գյուղի հարավային ծայրը:

Մերզուլիի հյուսիսային ծայրից Նելսոնը ռադիոյով կապվեց ցլանման ենթահրամանատար Հովիկի հետ` Ճարտար գյուղից, հաղորդելու համար, թե ինքը գրավել է մի տանկ եւ մի բեռնատար զինամթերք: Այս լսելով` Հովիկը դարձավ Մոնթեին ու թույլտվություն խնդրեց` նրա ծառայողական մեքենայով Կոմիտասի հետ դաշտ իջնելու եւ Նելսոնի տեղեկությունը ստուգելու համար: Քանի որ Նելսոնը կտրել-անցել էր Մերզուլիի մի ծայրից մյուսը, թվում էր, թե գյուղ մտնելն անվտանգ է:

— Ո՛չ, մեքենան ինձ պետք է, — առարկեց Մոնթեն:

Հովիկը պնդեց, եւ Մոնթեն ի վերջո զիջեց.

— Լավ, սպասի՛ր. միասին կգնանք:

Մոնթեն էլ, Հովիկի պես, շատ էր ուզում տեսնել, թե ինչ տանկ ու զինամթերք էր գրավվել: Թերեւս բավական ժամանակ կար լուրն ստուգելու համար` նախքան Մոնթեն Մերզուլիում կմիանար իր երեք խմբերին` առաջանալու եւ գյուղից հյուսիս ընկած դաշտերը մաքրելու համար, ինչն Ասկերանի մարտիկներին չէր հաջողվել:

Արեւն ուղիղ գլխավերեւում էր, երբ Հովիկը, Մոնթեն ու Վարդան անունով սպան` Իրանից, Կոմիտասի հետ նստեցին մեքենան եւ շարժվեցին գորշա-դարչնագույն դաշտով` այն ճանապարհով, որով հենց նոր անցել էին իրենց տանկերը: Այդ պահին Սարիբեկն արթնացավ: Երբ նա գլխի ընկավ, որ Մոնթեն ու մյուսներն առանց իրեն էին գնացել, վերցրեց «ուոքի-թոքին», կապվեց Կոմիտասի հետ եւ ասաց, որ ուզում է միանալ նրանց: Մինչ ծառայողական մեքենան իջնում էր լանջով, Կոմիտասը կողքից նայեց Մոնթեին: Մոնթեն լսել էր Սարիբեկի` ռադիոյով խռխռացող խնդրանքը, բայց ոչինչ չասաց: Կոմիտասը մեքենան կանգնեցրեց եւ սպասեց, մինչեւ որ Սարիբեկը սարն ի վար վազելով իրենց կհասներ: Երբ նա շնչակտուր մտավ մեքենան, նրանք շարունակեցին իրենց վայրէջքը դեպի Մերզուլի:

 

 

 

 

Լեռների ստորոտում նրանք վերցրին Սարո Երեմյանին` խոշոր աչքերով մի ենթահրամանատարի, որը քիչ առաջ մասնավոր մեքենայով անցել էր դաշտով` Մոնթեի Alinco «մայր» ռադիոյի համար մարտկոցներ բերելու: Կոմիտասը ծառայողական մեքենան ուղղեց դեպի դաշտի միջով հյուսիս` Մերզուլի թեքվող ճանապահը: Այժմ նա 5 ուղեւոր ուներ` Սարոն, Սարիբեկը, Վարդանը, Հովիկն ու Մոնթեն: Մոտենալով Մերզուլիից հարավ գտնվող մի տրակտորակայանի` նրանք դանդաղեցրին ընթացքը, որպեսզի ողջունեն Մերուժանին ու մարտիկների մի փոքր խմբի, որոնք հավաքվել էին ճամփեզրին կանգնած մի զրահամեքենայի շուրջը: Մերուժանի մարտիկները թաքցրին նոր սպանած օձին, որպեսզի այդ արարածի տեսքը Մոնթեին չզայրացնի: Մարտունու զինվորները գիտեին, որ նույնիսկ ծխածածկ մարտադաշտում պետք չէր հրամանատար Ավոյի համբերությունը փորձել անիմաստ սպանությամբ:

Մինչ Մոնթեն շնորհավորում էր Մերուժանին հաջողված օպերացիայի առիթով, հակառակ կողմից դեպի իրենց սլացավ մի եռառանցք բեռնատար: Մոնթեն դուրս ցատկեց իր ծառայողական մեքենայից եւ նշան արեց, որ բեռնատարը կանգնի: Պարզվեց, որ այն տանում էր թշնամուց գրավված զինամթերք, այդ թվում` 25 տանկի արկ: Սա չէ՞ր արդյոք Նելսոնի ասած զինամթերքը: Քիչ առաջ բեռնատարը մի քանի մետր հեռավորության վրա անցել էր մոտ 1 կիլոմետր ճանապարհն ի վեր, մի խաչմերուկի մոտ կանգնած զրահամեքենայի կողքով: Երկու կողմերն էլ` բեռնատարի մեջ գտնվող հայերն ու զրահամեքենայի անձնակազմը, պետք է որ ենթադրած լինեին, թե մյուս մեքենայի մեջ բարեկամական ուժեր են:

Մոնթեն Մերուժանին հրահանգեց իր տանկերից երկուսը վերալիցքավորել գրավված արկերով, որպեսզի դրանք իրենց առաջնորդեն դեպի Մերզուլի, եւ հետո իրենք առաջանան եւս 2-3 կիլոմետր հյուսիս-արեւմուտք` Գարգար գետի ուղղությամբ: Մոնթեն ենթադրեց, որ թշնամին կարող էր տարածք թափանցել հենց այդ կողմից: Տանկերի մեջ, սակայն, քիչ վառելիք կար, ուստի Մերուժանի մարդիկ նախ պիտի վերադառնային Մարտունի` բաքերը լցնելու, իսկ հետո հասնեին Մոնթեի ծառայողական մեքենային Մերզուլիում:

Ցերեկվա մոտ 14:00-ն էր, երբ ծառայողական մեքենան իր 6 ուղեւորներով անցավ Մերզուլիի ծայրամասի առաջին տների մոտով եւ մոտեցավ տատասկափշերով ու եղեսպակով եզերված մի խաչմերուկի: Հանկարծ, երբ նրանք անցնում էին մի քարե ցանկապատի մոտով, տեսադաշտում հայտնվեց մի БМП-1: Թեթեւ տանկը կանգնած էր ճանապարհից ճյուղավորվող մի խճապատ հատվածում` մոտ 20 մետր հեռավորության վրա: Քողարկաներկված անծանոթ համազգեստով 3-4 զինվոր փռված էին տանկի վրա, եւ մի քանիսն էլ պտտվում էին շուրջը:

Կոմիտասը դանդաղեցրեց ընթացքը, իսկ Մոնթեն հարցրեց.

 

 

 

 

— Ասոնք ո՞վ են:

Քանի որ Մարտունու շտաբը БМП-1 չուներ, Կոմիտասը ենթադրեց, թե մարտիկներն ու զրահամեքենան օժանդակ ուժեր էին Ասկերանից, իսկ Սարոն կարծեց, որ նրանք Բերդաշենից էին: Կոմիտասը մեքենան կանգնեցրեց ճանապարհի մեջտեղում եւ իջավ` բնազդաբար վերցնելով իր ինքնաձիգը: Մոնթեն էլ դուրս եկավ` մեքենայի դիմացով անցնելով դեպի վարորդի կողմը: Տանկի շուրջը պարապ կանգնած երիտասարդ զինվորները քիչ ուշադրություն դարձրին նրանց վրա: Կոմիտասն իր սիրելի զինվորական վերնաշապիկով էր, որ ռազմավար էր` ուսի վրա Ադրբեջանի դրոշով: Նա քայլեց դեպի խմբից մի քանի մետր այն կողմ` քարե պատի մոտ կանգնած զինվորը եւ տեղական բարբառով բղավեց.

— Էլլի՛ արի էստեղ:

Զինվորը շփոթված դեմքով մի քայլ հետ գնաց:

Կոմիտասի աչքերը բոցավառվեցին.

— Տղե՛րք, սրանք թուրքե՜ր են, — գոռաց նա, լիցքավորեց ինքնաձիգն ու կրակահերթ արձակեց զինվորների վրա, որոնք վազեցին` տանկի հետեւում թաքնվելու: Մյուս 4 հայ ուղեւորները դուրս թռան ծառայողական մեքենայից` փորձելով թաքնվել արճիճի տարափից:

Թե ինչ պատահեց հաջորդ մի քանի վայրկյանների ընթացքում` լիովին պարզ չէ. վկայությունների մանրամասները տարբերվում են: Սարոն պնդում էր, թե թշնամու 3-4 մարտիկ ընկել էին գետնին, եւ Կոմիտասը հաստատում էր, որ ինքն էլ տեսել է մի քանի տապալվող մարմին: Մոնթեն, թաքստոց գտնելու համար հետ-հետ գնալիս, կարող էր կրակած լինել իր «կալաշնիկովից», կամ` պառկած լինել ճանապարհին, որպեսզի իրեն չխփեն, եւ հետո կրակել:

Մինչ ադրբեջանցի զինվորները ծառայողական մեքենան մաղ էին դարձնում, Սարոն ու մյուսներն էլ էին կրակում` դրանով բացահայտելով իրենց դիրքերը: Թշնամու զինվորները կրկին նշան բռնեցին եւ երեք անգամ վիրավորեցին Սարոյին` թեւից ու մեջքից: Նա սողալով հասավ ճանապարհի արեւելյան կողմում գտնվող առվին ու մարմինը սեղմեց գետնին: Այդ ժամանակ թշնամու տանկի հրետանավորն արդեն լիցքավորել էր իր հարթափող հրանոթն ու նշան բռնել: Սուլելով ինչպես գնացքը երկար թունելի մեջ` 73 միլիմետրանոց մի արկ թռավ ծառայողական մեքենայի վրայով եւ պայթեց` ճանապարհի մյուս կողմում գտնվող սպիտակ քարե պատնեշի մեջ անցք բացելով ու փոշու ամպ բարձրացնելով:

 

 

 

 

Երբ Կոմիտասը նետվեց` մի քարե պատի ետեւում թաքնվելու, երկրորդ արկը դիպավ պատի անկյունին ու նրան գետին տապալեց: Հետ նայելով պտտվող փոշու միջով` նա փնտրեց Մոնթեին: Հանկարծ Կոմիտասը նկատեց Մոնթեին` 10 մետր այն կողմ աջ կողքի վրա պառկած, ծառայողական մեքենայից մի քանի քայլ հետ: Նա անշարժ էր:

Կոմիտասը մի քանի քայլ վազեց դեպի Մոնթեն, բայց ձախ ծունկը չէր ենթարկվում, եւ մի այրող ցավ խոցեց նրա ազդրը: Կոմիտասի ծնկին բեկոր էր դիպել: Նա Հովիկին կանչեց, որ գա տեսնի, թե ինչ է պատահել Մոնթեին, հետո սողալով մտավ թշնամու տանկից մի քանի մետրի վրա, քարե պատի ու ճանապարհի միջեւ գտնվող ծանծաղ առվի մեջ ու փորձեց ծածկվել չոր խոտով:

Հովիկը նույնպես մի ոտքից վիրավոր էր, բայց դա չխանգարեց հսկա մարտիկին` կաղեկաղ վազել ճանապարհի մեջտեղը` ուղիղ БМП-1-ի առաջ, Մոնթեին կրակագծից դուրս բերելու համար: Հասնելով նրան` Հովիկը հրամանատարին դեմքի խաղաղ արտահայտությամբ պառկած տեսավ: Նա Մոնթեին ուսերից բարձրացրեց, որպեսզի հանի նրա «ուոքի-թոքիի» փոկը, բայց ցած գցեց` տեսնելով ուղիղ աջ ականջի վերեւում ճակատի ջախջախված մասն ու գլխի տակ լճացած թանձր արյունը: Արկի մի մեծ բեկոր էր դիպել նրան հետեւից, հավանաբար` աջ ուսի վրայով, երբ նա մեջքը պատին դարձրած նայել էր ադրբեջանական տանկին (կամ բեկորը, ծառայողական մեքենայի հետեւում գտնվող քարե պատից հետադարձվելով, դիպել էր նրան ձախ ուսի վրայով, երբ նա մի պահ գլուխը շրջել էր դեպի պատը):

Հովիկը ճանապարհի մեջտեղում կանգնած ողբում էր.

— Ավոն չկա՜:

«Նա մի տեսակ մոռացել էր թշնամու մասին, — 4 տարի անց Սեդային պատմում էր Վարդանը. — կանգնել էր ճանապարհի մեջտեղում ու հեկեկում, գոռում էր: Ես երբեք չեմ մոռանա այդ ձայնը»:

— Սպանե՛ք ինձ, — տնքում էր Սարոն:

Հովիկը Մոնթեի ուսից հանեց Alinco ռադիոն, որի մեջ, լալով եւ հետ ու առաջ ճոճվելով, գոռում էր.

— Մեզ օգնությու՜ն է պետք:

Ռադիոյի խշշոցի միջից լսվեց Նելսոնի ձայնը.

— Ես ճանապարհին եմ:

 

 

 

 

Ադրբեջանցիները շարունակում էին կրակել, իսկ ծառայողական մեքենայի մեջ գտնվող հիմնական ռադիոն անդադար խռխռում էր` ինչպես կռվի ողջ ընթացքում: Ի վերջո, երեւի մոտ 15 րոպե անց, БМП-1-ն առաջ թեքվեց ու դեպքի վայրը լքեց` ճանապարհի վրա արագություն հավաքելով եւ հետո շրջադարձ կատարելով դեպի հողե ճանապարհը, որ տանում էր հյուսիս-արեւելք` ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածք:

Մարտունու վիրավոր զինվորներն անշարժ մնացին` սպասելով խոստացված օգնությանը: 5-10 րոպե անց նրանք թրթուրի շռինդ լսեցին, որ մոտենում էր այն կողմից, ուր քիչ առաջ անհետացել էր БМП-1-ը: Դա թշնամու մեկ այլ զրահամեքենա էր, այս անգամ` БМП-2. առանց շարժիչն անջատելու` այն կանգ առավ քարե պատից ոչ հեռու գտնվող խճապատ հատվածում, ճիշտ այնտեղ, ուր նրանք տեսել էին առաջին զրահամեքենան: Հանկարծ մոտ 20 թշնամու հետեւակային հովհարաձեւ շրջապատեցին БМП-2-ը, եւ Սարոյին թվաց, թե մի զինվոր թուրքերեն բղավեց.

— Վե՜րջ, դուք մե՜րն եք:

Մի քանի` երկար թվացած րոպեներից հետո Կոմիտասն զգաց, թե ինչպես է գետինը դողում մեկ այլ մոտեցող տանկի թրթուրներից, այս անգամ` հարավից, հայկական կողմից: Ադրբեջանական տանկի հրամանատարը կարգադրեց հեռանալ, եւ նրանք նահանջեցին առաջին զրահամեքենայի գնացած ուղղությամբ, երբ մի շարասյուն, որի մեջ կային նաեւ երկու БМП, հակառակ կողմից մոտեցավ խաչմերուկին: Դրանցից մեկի վրայից ցած թռավ Աբոն ու վազեց դեպի Կոմիտասը, իսկ թշնամին նահանջելիս կրակում էր ինքնաձիգներից, թեթեւ գնդացիրներից եւ նռանականետերից:

— Ավոն մեռած է, — տնքաց Կոմիտասը` երբ Աբոն նրան մի քանի մետր քարշ էր տալիս դեղին խոտի միջով, դեպի մոտակա փոքր ծառի ստվերը:

Մինչ Աբոն իր ինքնաձիգի ու ճկուն վիրակապի օգնությամբ բեկակալ էր ամրացնում Կոմիտասի ոտքին, Մարտունու եւս 4 տանկ եկան: Վարդանը մի թաշկինակ փռեց Մոնթեի երեսին եւ օգնեց Աբոյին մարմինը տանկի մեջ բարձրացնել:

Այդ ընթացքում Մարտունու զինվորները գտան Սարիբեկին, որ հենվել էր մի նռնենու եւ նռնակ սեղմել ձեռքում: Նրա ինքնաձիգի փողը դեռ տաք էր: Սարիբեկի որովայնի մեջ արկաբեկոր էր մտել, ու նա արյուն էր կորցնում ոտքին դիպած փամփուշտի անցքից: Երբ Մարտունու զրահամեքենան նրան հիվանդանոց էր տանում, նա հայհոյում էր, ջուր աղերսում ու հեծեծում.

— Այրո՜ւմ է:

Երբ հասան Մարտունու մանկապարտեզի նկուղում գտնվող հիվանդանոցը, Սարիբեկը գիտակցությունը կորցրել էր: Դրանից քիչ անց նա մեռավ արյան կորստից` հինգ երեխաներին թողնելով անհայր, իսկ աղքատացած ընտանիքը` առանց կերակրողի:

Մարտունու հիվանդանոցի առաջ հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` սպասելով շտապ օգնության մեքենայի ժամանմանը: Նրանց մեջ էր Սարիբեկի կինը` Լիլիան: Նրա զինվոր եղբայրն ասել էր նրան Սարիբեկի վիրավորվելու մասին, բայց Լիլիան չգիտեր, որ Մոնթեն սպանվել է: Վերջապես, ժամը 17-ի մոտ, շտապ օգնությունը կանգ առավ հիվանդանոցի մուտքի առջեւ` բերելով այդ օրը Մերզուլիից տեղափոխված վերջին մարմինը: Բժիշկները լայն բացեցին մեքենայի դռներն ու մի պատգարակ դուրս քաշեցին` վրան սպիտակ շորով ծածկված մարմին: Մեկը շորը հետ քաշեց, եւ Լիլիան ուշաթափվեց:

Այդ օրը Սեդան արթնացել էր արեւի շլացուցիչ շողերից, որոնք ներս էին թափանցել Երեւանի հանրակացարանի իր պատուհանից: Ժամեր անց, երբ նա մասնակցում էր մի ընկերոջ հոգեհանգստին, մեկը հոգոց հանեց.

— Ամբողջ աշխարհը սուտ է:

— Ինձ համար` ո՛չ, — առարկեց Սեդան, — ես ունեմ Մոնթեին:

Երբ, սենյակ վերադառնալով, նա տեսավ իրեն սպասող Հարոյանին` գլխարկը թեւի տակ դրած. նրա շունչը կտրվեց:

— Ո՞ւր է Մոնթեն, — հարցրեց նա:

— Նա վիրավորված է:

— Վիրավորվա՞ծ:

— Ծանր վիրավորված, գլխից:

Սեդան կոպերն ընկան.

— Կարող եք ինձ ասել:

— Նա մեռած է:

Նրա հաջորդ հարցը նույնն էր, ինչ իմը. ո՞վ էր սպանել նրան:

Սեդան հիշեց մի նամակ, որ ամուսինը գրել էր իրեն բանտից. «Ես գիտեմ, որ եթե ինձ ոչինչ չպատահի իմ աշխատանքի ժամանակ, գուցե եւ երկար կապրեմ»: 1978-ին գրած մի կարճ հոդվածում, սակայն, նա մի տող էր մեջբերել Շահան Շահնուրից, որտեղ գրողն ասում է, թե հայերը, որպես արեւելցիներ, հավատում են ճակատագրին: Ծեր հասակում մեռնելը Մոնթեի «ճակատին գրված չէր»:

Հաջորդ առավոտ, հունիսի 13-ին, Սեդան ուղղաթիռով թռավ Մարտունի: Այնտեղ ամբողջ քաղաքը խցկվել էր թատրոնի դահլիճը, որտեղ Մոնթեն` իրենց Ավոն, լրիվ հանդերձանքով պառկած էր բեմի վրա` անմշակ փայտից պատրաստված ծանծաղ դագաղի մեջ, ճակատը սպիտակ մարլայով կապած: Գլխաշորերով սեւազգեստ կանայք ողբում էին.

— Ավո՜, վա՜յ, վա՜յ, վա՜յ… վա՜յ, Ավո ջան, վա՜յ:

Որոշ տեղացիներ աղաչում էին Սեդային` Մոնթեին հետ չտանել Երեւան, այլ թաղել Մարտունիում: Նա մեռել էր որպես Մարտունու համար կռված զինվոր, իսկ այնտեղի ժողովուրդն իր զինվորներին թաղում է հարազատ հողում, ոչ հեռու գերեզմանոցներում: Կային այնպիսիք, որ հավատում էին, թե նրա աճյունը, սրբի մասունքների պես, կպաշտպանի չարիքից: Սեդան գլուխն օրորում էր. Մոնթեն պիտի թաղվի Երեւանում` Հայաստանի մայրաքաղաքում:

շարունակությունը

 

 

 

Այսօր լեգենդար Ավոյի հիշատակի օրն է…

 

Be the first to comment on "Ջրի պես գնա(1993թ. հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ