Կառավարությունը չպետք է թույլ տա, որ Մոսկվան համարձակվի Գյումրու ռուսական բազայից Վրաստանի դեմ գործողություն անել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանը։

-Պարոն Գրիգորյան, վերջին օրերի ռուս-վրացական զարգացումները ակնհայտ է, որ սրման միտում ունեն։ Իհարկե, գործ ունենք դաշնակից և բարեկամ պետությունների հետ, և որևէ կողմի պաշտպանելը մեր շահերից չի բխի, բայց, կարծում եք, ամբողջությամբ կրավորական կեցվածք ընդունելը որքանո՞վ է այս իրավիճակում ճիշտ, ինչպե՞ս պետք է դիրքավորվի Երևանը։

 

 

 

 

Չեմ կարծում, թե մենք պետք է միջամտենք Վրաստանի ներքին գործերին, դա Վրաստանի խնդիրն է։ Վրաստանի ժողովուրդը պայքարում է իր սուվերենության համար։ Պետք է վերլուծենք ու հասկանանք, թե, օրինակ, ում մտքով կարող էր անցնել թույլ տալ, որ ռուս պատգամավորը մտնի Վրաստանի խորհրդարան, նստել խորհրդարանի խոսնակի աթոռին։ Ռուսաստանի կողմից կար հիբրիդային պատերազմի տարր, ի՞նչ է, Ռուսաստանի պատգամավորը չէ՞ր սպասում այդպիսի էմոցիոնալ արձագանք, Վրաստանի ներսում ևս կային մարդիկ, որոնք գնացին այդ քայլին։ Ես սա, միանշանակ, համարում եմ սադրանք, բայց այդ սադրանքը ոչ միայն Ռուսաստանի կողմից է գալիս, այլ Վրաստանի պետական ինստիտուտների կողմից նաև, որ նրան թույլ տվեցին շենք մտնել, զբաղեցնել խորհրդարանի խոսնակի աթոռն ու սկսել խոսել։

Այնուամենայնիվ, այս իրավիճակը շատ հասկանալի է ինձ համար, Վրաստանը պայքարել և պայքարում է իր սուվերենության համար, իրենք չեն ուզում, որ կոռուպցիան Ռուսաստանի միջոցով վերադառնա իրենց մոտ, ուզում են ազատ ապրել և պարզ է, որ շատ էմոցիոնալ արձագանքեցին այս ամենին։

Այս ամբողջ գործընթացի մյուս ասպեկտն էլ կա։ Ակնհայտ է, որ Վրաստանում հիմա գործող իշխանությունների նկատմամբ՝ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ի նկատմամբ կա դժգոհություն, և ժողովրդի պայքարը ուղղվեց նաև գործող իշխանությունների դեմ։ Վրաստանում, դժբախտաբար, նորից հայտնվեց կոռուպցիա, ընտրություններն արդար չեն անցնում, մեծ վերապահումներով դրանք կարելի է համարել ժողովրդավարական։ Դժգոհությունների այդ փաթեթը բերեց նրան, որ ժողովուրդը, բառի բուն իմաստով, ըմբոստացավ։

 

 

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարի մակարդակովհայտարարվել է զինված ուժերը մարտական պատրաստությանբերելու մասին։ Պաշտոնական հաղորդագրություններում նշվում էոր դա վերաբերում է նաև Հայաստանում տեղակայված ռուսականռազմաբազային։ 2008-ի պատերազմի ժամանակ կարողացանք խուսափել նրանից, որ Հայաստանը չօգտագործվի Վրաստանի դեմ, այս անգամ կհաջողվի՞։

Կարծում եմ՝ կկարողանանք խուսափել, ավելին՝ այստեղ ինչ-որ հարցերում պետք է ակտիվ լինենք, ինչ-որ հարցերում՝ պասիվ։ Հիմա Ռուսաստանն ինչ-որ հայտարարություններ է անում, արհեստականորեն շիկացնում մթնոլորտը։ Այո՛, փորձ է արվում նաև նման հայտարարություններով ճնշում գործադրել, բայց դա հակառակ ազդեցությունը կունենա, քանի որ Վրաստանում անկախականներն էլ ավելի կուժեղանան։ Հիմա անդրադառնանք Հայաստանին։ Պարզ է, որ ռուսական ռազմաբազայից ոչ մի գործողություն Վրաստանի դեմ չի կարող լինել, մենք ունենք նոր կառավարություն ու չեմ կարծում, որ Ռուսաստանը կհամարձակվի ինչ-որ սխալ քայլ անել։ Երկրորդ՝ այնուամենայնիվ կան հարցեր, որտեղ մենք պետք է լինենք ակտիվ ու աջակցենք այդ ճգնաժամին։ Օրինակ՝ դուք գիտեք, որ Պուտինը դադարեցրեց բոլոր ինքնաթիռային միջոցները, մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ, որոնք կա՛մ պետք է Վրաստան գնան կա՛մ արդեն այնտեղ են, կարող են Երևանի միջոցով դա անել։ Երևան-Թբիլիսի ու հակառակ ուղղությամբ չվերթները պետք է ավելացնել, ու Հայաստանը հումանիտար հարցերով շատ ակտիվ աջակցություն պետք է ցուցաբերի։ Հիմա հարաբերությունների քաղաքական սրում է գնում, բայց դրանից տուժում են կոնկրետ մարդիկ, ՌԴ քաղաքացիներ, որոնց համար մեծ բարդություններ են սպասվում։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ պետք է շահագրգռված լինի, որ մենք աջակցենք, ինչքան գիտեմ՝ իրենց պաշտոնյաները ևս խոսել են այդ չվերթների անհրաժեշտության մասով։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

-Իսկ բացի հումանիտար հարցերից, կարո՞ղ ենք նաև քաղաքական միջամտություն ունենալ, միջնորդի դեր ստանձնել, և գուցե դա թույլ տա, որ մեզ էլ չխառնեն այս ամենի մեջ։

 

 

 

 

Գուցե դա կարող է լինել օգտակար, բայց մյուս կողմից ի՞նչ անեն մերոնք՝ վրացիներին ասեն, որ ենթարկվեն Պուտինի՞ն։ Ես գիտեմ, որ ի պաշտոնե Շվեյցարիայի դիվանագիտությունն է այդ հարցով զբաղվում՝ դեռ 2008 թվականի պատերազմից հետո։ Եվ թող իրենք զբաղվեն միջնորդական առաքելությամբ, ես մեր դերը մեծամասամբ չեմ տեսնում։ Հոգեբանական մոտեցումները մեր երկու պետություններում տարբեր են, օրինակ՝ Վրաստանում մարդիկ համարում են, որ իրենք եվրոպական ազգ են, ուզում են Եվրոպայի հետ ապրել, դա կոնսենսուս է իրենց ազգի մեջ, իրենք չեն ուզում կոռուպցիայի մեջ ապրել՝ մենք գնանք հակառա՞կը համոզենք, ասենք՝ հանդուրժեք Ռուսաստանի մենաշնորհնե՞րը։ Իրենց հոգեբանական մոտեցումները էականորեն տարբերվում են մեր մոտեցումներից, իրենք ուզում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ անդամ, համարում ենք իրենց եվրոպական ազգ, այդ ուղղությամբ լուրջ հաջողությունների են հասել ու չեն ուզում փչացնել դա։ Իրենք հիմա իրենց կառավարությունից պահանջում են, որ իրենց բռնած այդ ուղղուց չնահանջեն՝ չսկսեն զբաղվել կոռուպցիայով։ Այս իմաստով, ես մեր դիվանագիտության օգտակարությունը չեմ տեսնում։

-Իսկ Հայաստանը պատրա՞ստ է տարածաշրջանի այս զարգացումներին՝ մի կողմից Իրան-ԱՄՆ, մյուս կողմից՝ Վրաստան-Ռուսաստան առճակատում։ Մենք այսպիսի սցենարների համար ունե՞նք հայեցակարգ։

-Հայաստանը միայն այն դեպքում պատրաստ կլինի, եթե սկսի փոխել արտաքին քաղաքականության շեշտադրումները։ Այդ շեշտադրումները դեռ չեն փոխվել, Հայաստանը շարունակում է ասել, որ Ռուսաստանն իր գլխավոր ռազմավարական գործընկերն է, իսկ մյուսների հետ «կաշխատենք», մոտավորապես նույնն էլ ասում էին նախկին իշխանությունները։ Քանի որ սա չի փոխվել, այդ պոտենցիալ հնարավորությունները՝ միջնորդ լինելը, համագործակցելը բոլոր ուղղություններով չի ստացվի, դու կոնցեպտը չես փոխել։ Չեմ բացառում, որ դեռ վաղ է, բայց միայն այն պահից հետո, երբ այդ շեշտադրումները կփոխվեն՝ դռները կբացվեն։ Իսկ եթե դու ամեն օր ասում ես՝ ԵԱՏՄ-ն մեր գլխավոր հանգրվանն է, ո՞վ կուզի աշխատել քեզ հետ՝ ո՛չ Չինաստանը ակտիվ կաշխատի, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ նույնիսկ Իրանը։ Մինչև այս կոնցեպտը չփոխվի, ոչ մի լուրջ բան սպասել պետք չէ։

 

 
Աղբյուրը ` 1in.am

Be the first to comment on "Կառավարությունը չպետք է թույլ տա, որ Մոսկվան համարձակվի Գյումրու ռուսական բազայից Վրաստանի դեմ գործողություն անել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ