Նիկոլ Փաշինյանի ներդրողների «ակումբը»

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Հանդիպման ընթացքում Փաշինյանը նաև ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռուսաստանի հայ գործարարներից շատերը գուցե նույնիսկ իրենց մասնակցությունն են ունեցել տեղի ունեցած թավշյա հեղափոխության ընթացքում: Իհարկե, այս հայտարարությունը մի կողմից ուշադրության արժանի է, մյուս կողմից՝ անշուշտ, զարմանալի կամ անսպասելի չէ, քանի որ գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն վայելում էր նաև սփյուռքահայության աջակցությունը ընդհուպ մասնակցության տեսքով: Սակայն հետաքրքիր է, որ վարչապետը գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնում է այդ մասին, և դա փաստացի ստանում է արդեն այլ երանգ, այսպես ասած՝ քաղաքացիականից ստանում քաղաքական բովանդակություն: Հատկապես հաշվի առնելով թավշյա հեղափոխությունից առաջ առկա իրողությունների ֆոնին, որտեղ ռուսաստանահայ բիզնեսը դարձյալ ուներ էական դերակատարում և մասնակցություն, բայց այլ բիզնեսը և ըստ էության՝ այլ տեսքով ու անվանումով:

 

 

 

 

Խոսքը Հայաստանի ներդրողների ակումբի մասին է, որ ստեղծվեց դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությունից օրեր առաջ, և որը միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ պետք է լիներ վարչապետ Կարեն Կարապետյանի հենարանը իշխանության համար Սերժ Սարգսյանի և ՀՀԿ՝ այսպես ասած, ոչ յուրային թևերի հետ պայքարում: Հայաստանի ներդրողների ակումբը ներառում էր ռուսաստանահայ մոտ երեք տասնյակ խոշոր գործարարների, որոնք, սակայն, դե ֆակտո ընդունել էին խաղի այն կանոնները, որով գործում էր Հայաստանի հին իշխող համակարգը: Այլ կերպ ասած՝ խոսքը պարզապես ի տարբերություն Հայաստանի օլիգարխիայի, ավելի մեծ կալիբրի օլիգարխիայի մասին էր, որը փորձում էր Հայաստանում դառնալ ոչ միայն խաղացողներից մեկը, այլ ըստ էության՝ առաջատար խաղացողը, փոխելով որոշակիորեն մեխանիզմները և համապատասխանեցնելով դրանք սեփական կալիբրին, սակայն չփոխելով համակարգի էությունը, տրամաբանությունը և բնույթը:

 

 

 

Դրանում հանրությունը կարողացավ համոզվել ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ իշխող համակարգի դիմադրության ղեկը իր ձեռքը վերցրեց Կարեն Կարապետյանը, անշուշտ՝ ռուսաստանահայ օլիգարխիայի կամ Հայաստանի ներդրողների ակումբի վրա հենվելով: Իհարկե, նրանց դիմադրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի իշխանության դիրքորոշումը փոխելն ու Հայաստանում տեղի ունեցողի դեմ տրամադրելը չստացվեց, սակայն փորձն ակնառու էր: Դրա ֆոնին, Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած հանդիպումը ստանում է բավականին ուշագրավ երանգ հենց այդ իմաստով:

 

 

 

Ըստ էության, իհարկե՝ պայմանականորեն, խոսք է գնում Նիկոլ Փաշինյանի Հայաստանի ներդրողների ակումբի մասին, որի պարագայում, սակայն, քաղաքականությունը անմիջական նպատակ չէ, այլ կարող է լինել գործունեության արդյունք: Այսինքն՝ ներդրողների նպատակը ոչ թե իշխանությունը վերցնելը պետք է լինի, իսկ ֆինանսական կարողություններն այս դեպքում՝ որպես միջոց, այլ նպատակը իսկապես պետք է լինի Հայաստանում օրենքի ու Սահմանադրության շրջանակում տնտեսական շահութաբեր գործունեություն ծավալելը, շահույթ ստանալը, որի տնտեսական էֆեկտն էլ պետք է ստանա Հայաստանը՝ որպես պետություն:

 

 

 

Սա, իհարկե, միայն նպատակի փոփոխության հարց չէ, այլ նաև գործունեության տրամաբանության, որակի, երբ ռուսաստանահայ բիզնեսը Հայաստանում գործունեություն է ծավալում ոչ թե այն պատճառով, որ այստեղ կոռուպցիոն սխեմաների «հարազատ» միջավայր է, այլ որովհետև Հայաստանում օրինական տնտեսվարման սխեմաներով գործող առնվազն «հանգստավայր» է եվրասիական տարածության շրջանակում: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը կարող է իր ազդեցությունն ունենալ նաև հայ-ռուսական հարաբերության որակական փոփոխության վրա, լինել այդ խնդրի լուծման մեխանիզմներից մեկը, որովհետև ի վերջո, ուղղակի թե անուղղակի, սակայն ռուսաստանահայ կապիտալի հայաստանյան գործունեությունն ազդում է նաև հայ-ռուսական հարաբերության տիրույթում մթնոլորտի և հարաբերությունների բնույթի վրա:

 

 

 

Ինչ խոսք, այստեղ միարժեք ասել, որ այսպես ասած, նախկին կապիտալը ունեցել է միարժեք բացասական դեր, կամ ներկայումս գործ ունենք արմատապես տարբեր որակի կապիտալի հետ, թե՛ մի կողմից սխալ կլինի, թե՛ կլինի առնվազն վաղաժամ որևէ խորքային համեմատություն: Սակայն ընդհանուր առմամբ, առնվազն դիվերսիֆիկացիայի առումով միտումը միարժեք դրական է: Առավել ևս, որ խնդիր, որպես այդպիսին, չպետք է լինի ռուսաստանահայ կապիտալի փոխարինումը, մինչ այժմ եղածը՝ նորով: Ամենևին, որովհետև ի վերջո այդ, այսինքն՝ պայմանականորեն հին կապիտալը, այդուհանդերձ, նաև իր դրական լուման է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, և խնդիրը ընդամենը նոր խաղի բացառապես օրինական կանոններն են, և միայն դրանց համաձայն չլինելու դեպքում որևէ կապիտալ պետք է դուրս գա դաշտից:

 

 

 

 

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանի ներդրողների «ակումբը»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ